Փախստականի վկայությունը

2016

Փախստականի վկայությունը

Նախագծի հիմքում հեղինակի հոր` Հրանտ Մարգարյանի հիշողություններն են: Այն դրամատիկ իրադարձություններով լեցուն փախստականի վկայություն է 1915 թվականի ցեղասպանության, Հունաստանում փախստականների ապրած կյանքի, նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարների, ԽՍՀՄ-ում ստալինյան հալածանքների տարիների, ինչպես նաև մեր օրերում դրանց արձագանքների ու հետևանքների մասին:

Նախագծում հենվելով բանավոր պատմությունների և եղած փաստաթղթերի վրա, հեղինակը փորձում է ներկայացնել փախստականի կյանքի էությունը, նրա տեղը և ակնկալիքները ժամանակակից աշխարհում:

Նախագծում առանձնակի շեշտադրվել են հատկապես քսաներորդ դարասկզբի իրադարձություններն ու Լոզանի կոնֆերանսը:

Լոզանի խաղաղության կոնֆերանսը ճակատագրական էր մերձավոր արևելքի երկրների միլիոնավոր մարդկանց համար: Հրանտ Մարգարյանի գերդաստանը, փախստականների այն խմբի մեջ էր, ովքեր 1919 – 1922 թվականներն բնակվում էին Հույն - Թուրքական պատերազմի թատերաբեմ դարձած Աֆիոն- Կարահիսար քաղաքում: Լոզանի Կոնֆերանսը չլուծեց ամենակարևոր խնդիրը` փախստականների հարցը: Այդ հարցը ի վերջո զոհաբերվեց գերտերությունների քաղաքական շահերին և մոտ մեկուկես միլիոն մարդ, Օսմանյան կայսրության նախկին հպատակներ` Հույներ, Հայեր, Թուրքեր և այլ ժողովուրդներ, դարձան գաղթական: Ինչպես նշված է «Լոզանի խաղաղության խորհրդաժողով» (Պէյրութ, 1983) գրքի 206 էջում, «… կալվածքները հետզհետե գրավվեցան Թուրքիոյ մեջ, հպատակության իրավունքներ» զրկվեցանք, և եղանք «ափաթրիանթներ»:

Ի վերջո այդ խնդրի լուծումը հանձնվեց Ազգերի լիգային, այնուհետև նրա իրավահաջորդ հանդիսացող ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն Կոմիսարիատին: Սակայն նրա գործունեությունը կրել է ոչ թե քաղաքական, այլ հումանիտար բնույթ:

Ջ. Ագամբենը գրում է. «Չնայած հանդիսավոր կոչերին` պահպանել «սրբազան եւ անօտարել» մարդու իրավունքները, այդ կազմակերպությունները ոչ միայն բացարձակապես անընդունակ են լուծել խնդիրը, այլ նույնիսկ փոքրիշատե համարժեք մոտենալ նրան»:

Նախագծում ցանկացել եմ ընդգծել, թե ինչ է նշանակում լինել փախստական, չունենալ հայրենիք, իրավունք, քաղաքացիություն: Մարդ, որը մերժված է ամեն տեղից, չունի ոչ մի երկրի քաղաքացիություն և պաշտպանված չէ: Ժամանակակից աշխարհում փախստականների թիվը անշեղորեն աճում է և նրանց խնդրների լուծումը դառնում է ավելի ու ավելի դժվար:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո փախստականների նախադեպը արքետիպային է ժամանակակից փախստականների համար:

Ցուցահանդեսներ

2016 - «Արմատախիլ եղածները», Երեւանի ժամանակակից արվեստի թանգարան, Երեւան, Հայաստան